Բաց դաս կերպարվեստից Վանաձորի N 27 դպրոցում

Նոյեմբերի 11-ին Վանաձորի Ղ. Ալիշանի անվան N 27 դպրոցի 3-րդ «ա» դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Կերպարվեստ» առարկայից (դասվար՝ Շուշան Մայիլյան): Դասի թեման «Բնանկարչություն»-ն էր, իսկ գործնական աշխատանքը՝ «Իմ սիրած եղանակը»: Դասարանը կահավորված էր գեղագիտական ճաշակով: Դասի նպատակն էր ներկայացնել ստացած գիտելիքները կերպարվեստի տեսակների, ժանրերի ու գույների բազմազանության մասին: Աշակերտները պատկերացում ունեին քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի, գրաֆիկայի և գեղանկարչության մասին, կարողանում էին առանց դժվարության կողմնորոշվել ու նշել ցուցադրված կոմպոզիցիաների տեսակները: Նրանցից երկուսը դարձել էին փոքրիկ նկարիչներ Մ. Սարյանի և Հ. Այվազովսկու կերպարով: Հյուրերին ողջունելուց հետո ողջ դասի ընթացքում նրանք նկարեցին և դասի ավարտին ցուցադրեցին իրենց աշխատանքները: Նշեցին պատմական, կրոնական, դիցաբանական, անիմալիստական ժանրերի մասին: Գիտեին, որ գեղանկարչության մեջ գերիշխող ժանրը բնանկարչությունն է և, որ այն գեղեցիկ համադրությամբ ներկայանում է նաև այլ ժանրերի հետ: Երեխաները թվարկեցին հիմնական գույները, իսկ ուսուցչուհու գործադրած Վեննի դիագրամի ու Պրիզմա մեթոդների օգնությամբ կարողացան ստանալ նաև բաղադրյալ գույները: Օգտագործելով իրենց գիտելիքները գույների վերաբերյալ՝ նրանք կարողացան նկարել գունավորել մուլտիպլիկացիոն հերոս թութակին: Աշխատանքն ավելի հետաքրքիր դարձավ, երբ տեղափոխվեց դպրոցամերձ տարածք: Փոքրիկներն առաջին անգամ աշխատեցին մոլբերտների վրա և ջրաներկով, յուղամատիտներով պատկերեցին իրենց ամենասիրելի տարվա եղանակը:

Դասի ավարտից հետո, ամփոփելով օրվա թեման, խանդավառված փոքրիկները դասվարի և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի ազգային պատկերասրահ, որտեղ դիտեցին արվեստի բարձրարժեք նմուշօրինակներ: Նրանք հասկացան, որ կերպարվեստի գեղեցիկ աշխարհում ամեն ինչ գունագեղ է ու պայծառ, որ գույները ճիշտ օգտագործելով` կտիրապետեն նկարչության գաղտնիքներին: Այն կօգնի պատկերել գեղեցիկը, ինչպես նաև կօգնի հասկանալ, որ յուրաքանչյուրը պետք է ճանաչի ու պահպանի այդ գեղեցկությունը, շրջակա միջավայրը, աշխարհը: Դասվար Մայիլյանի կազմակերպած միջոցառումը բարձր գնահատանքի արժանացավ դպրոցի ողջ անձնակազմի և տնօրենության կողմից:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան